Հայաստանում 2019 թվականին նախատեսվող պետական աջակցության ծրագրերի մի մասը ներդրվել է առանց մասնագիտական վերլուծության, մյուս մասն էլ այնքան ծախսեր է պահանջում, որ գյուղացին նման ռիսկի տակ երբեք չի մտնի։
Արայիկ Մովսիսյանը լուրջ չմոտեցավ կաթիլային ոռոգման համակարգի անցնելու մեր հարցմանը։
Օրինակ, Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը – Այս ծրագրով նախատեսված է 2019 թվականին պետական բյուջեից ծախսել 284.9 միլիոն դրամ: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին, սակայն 9 ամիսների ընթացքում ծախսվել է 31,34 միլիոն դրամ։ Խնդիրը կայանում է նրանում, որ կաթիլային ոռոգում կարելի է իրականացնել այն երկրներում, որտեղ օդի հարաբերական խոնավությունը 70 տոկոսից ավելի է։ Սա նշանակում է, որ նույնիսկ առանց ոռոգելու կարելի է զբաղվել բույսերի աճեցմամբ։ Նման հարաբերական խոնավության պայմաններում բույսն իրեն անհրաժեշտ խոնավությունը վերցնում է մթնոլորտից, իսկ չնչին քանակությամբ կաթիլային ոռոգումը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ բույսի զարգացման համար։ Մեր երկրում հուլիս-օգոստոս ամիսներին, ըստ եղանակային
քարտեզի, օդի հարաբերական խոնավությունը միանիշ թվով է չափվում, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում կաթիլային ոռոգման համակարգը երբեք արդյունավետ չի կարող լինել։ Գյուղացիական տնտեսությունները դա հասկանում են, մնում է հասկանան ծրագրի հեղինակները։
Հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում - Այս ծրագրով առաջարկվում է գյուղացիական տնտեսություններին մեկ հեկտարի հաշվով 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով վերցնել 3,6-8,5 միլիոն դրամ վարկ։ Գյուղացու համար նման վարկ վերցնելն ավելի շուտ ինքնասպանություն է, քանի որ ռիսկերը հսկայական են։ Խաղողագործ Արայիկ Մովսիսյանն ասում է մինչև վարկի մարելը, այսինքն 7 տարի, ֆինանսական խնդիրներով միայն վարկ պետք է սպասարկի, իսկ եթե հանկարծ ցրտահարություն կամ երաշտ լինի, գյուղացին կործանված է։ Ըստ Մովսիսյանի գյուղացիական տնտեսություններն ավելի շուտ կհամաձայնեն 3 կամ 4 տարին մեկ անգամ կարկտահարվել, քան մտնել այդ ռիսկային դաշտը։ Մեկ այլ հարց է, թե քանի տարի են ծառայելու ցանցերը։ Պետական ծրագիրը Հայաստանում կատարվել է 13,2 տոկոսով։
Նույն տրամաբանությամբ գյուղացիական տնտեսությունները խուսափում են օգտվել «Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման» ծրագրից: Այս ծրագրով ծախսերը տատանվում են 10-20 միլիոնի միջակայքում և վարկի մարման ժամկետը սահմանված է 8 տարի։ Ինչո՞վ է ապրելու գյուղացին մինչև առաջին բերքահավաքը, որը սպասվում է այգու հիմնումից 3-4 տարի հետո, կամ որտեղի՞ց է ձեռք բերելու արդեն Հայաստանում փորձաշրջան անցած տնկիները, սրանց պատասխաններն առայժմ գոյություն չունեն։ Ծրագիրը կատարվել է 11,0 տոկոսով։
Մնացած ծրագրերին կարելի է չանդրադառնալ, քանի որ բոլորը պատճենված են այլ երկրների հաջողված փորձերից, առանց հաշվի առնելու Հայաստանի բնակլիմայական պայմանները և գյուղացիական տնտեսությունների հնարավորությունները։