Արայիկ Մովսիսյանը 1,8 հեկտար խաղողի այգի է մշակում, մի մասը տեխնիկական տեսակի, մյուս մասը՝ սեղանի տեսակի այգիներով։ Սեղանի տեսակն իրացնում է սեփական ուժերով և վաղօրոք չգիտի ինչ ծավալով և ինչ գնով կարող է վաճառել. ամեն ինչ կախված է գնորդների առաջարկից։ 2018 թվականին գնորդների առատություն չկար, եղածն էլ ձեռնտու գին չէր առաջարկում։ Տեխնիկական տեսակի խաղողը Արայիկը, արդեն 20 տարի է, տալիս է «Արարատ» կոնյակի գործարանին։ Հայաստանում խաղող ամենաշատը մթերում է «Արարատ» կոնյակի գործարանը, և նա էլ թելադրում է մթերման գինը։ Ընտրությունը մեծ չէ: Մի քանի կազմակերպություններ են մթերում խաղողի տեխնիկական տեսակներ և բոլորն իրենց մթերման գները նույնականացնում են «Արարատ» գինու, կոնյակի գործարանի առաջարկած գների հետ։ Մովսիսյանը «Արարատ» կոնյակի գործարանի հետ պայմանագիր ունի և գործարանի հետ համաձայնեցրել է խաղողի մթերման օրերը։ Այս տարի գործարանը մթերման գին է սահմանել 155 դրամ: Որքանո՞վ է ֆերմերին ձեռնտու այս գինը, սա երկրորդական հարց է, քանի որ ընտրության այլ տարբերակ չկա։ |
Միշան 1 հեկտար ռկածիտելի տեսակի խաղողի այգի ունի: Այս տարվա բերքից գոհ է, բերքահավաքն արդեն ավարտում է, հեկտարից 18 տոննա բերք է հավաքել։ Այս տարի ֆերմերը չի ցանկացել մթերման համար առավել գին առաջարկողներին հանձնել բերքը, նախընտրել է ամենամոտ մթերողին, ով կիլոգրամի դիմաց առաջարկել է 1,80 լարի։ Անցած տարի էլ մթերման գները նույնն են եղել, իսկ 2017 թվականին եղել են մթերողներ, ովքեր 1 կգ ռկածիտելի տեսակի խաղողին մինչև 3,50 լարի գին են առաջարկել։ Ավանդույթի համաձայն, մթերման առաջարկվող գները կապված են բերքատվության հետ։ Վրաստանը 53 երկրներ գինի է արտահանում և աշխարհում տարեցտարի մեծանում է վրացական գինու պահանջարկը։ Վրաստանի իշխանությունները բազմաթիվ աջակցության ծրագրեր են իրականացնում խաղողի այգիների ծավալների մեծացման, խաղողի ավանդական սորտերի պահպանության և գինեգործության զարգացման համար։ Այս միջոցառումների շնորհիվ 2018 թվականին Վրաստանում արտադրվեց 245 հազար տոննա խաղող: Այս տարի նախատեսվում է ցուցանիշը բարելավվել ևս 10 հազար տոննայով։ |
Խաղողագործության եկամտաբերությունը Հայաստանում Հայաստանի խաղողագործությունը գյուղատնտեսության ամենաաշխատատար ճյուղն է։ Խաղողագործները տարվա մեջ խաղողի խնամքով զբաղվում են 8-9 ամիս։ Վաղ գարնանը աշխատանքները սկսվում են այգեբացով և ավարտում ուշ աշնանը՝ այգեթաղով։ Արայիկ Մովսիսյանի մեկնաբանությամբ, այս տարի խաղողի համար բարենպաստ չէր: Խաղողագործները տարին վնասով են փակում և շատերը մտադրված են քանդել խաղողի այգիները։ 2018 թվականին Արայիկը ստացել էր 18 տոննա տեխնիկական տեսակի խաղող, իսկ այս տարի՝ 11 տոննա։ Սպիտակ քիշմիշ ստացել էր 3 տոննա, այս տարի՝ 500 կգ: Կարմիր քիշմիշ 2018-ին ստացել էր 8 տոննա, այս տարի՝ 3 տոննա: Մցխալի տեսակի մեջ փոփոխություն չի եղել՝ անցած և այս տարի 3-ական տոննա է ստացել։ Շահումյան տեսակից անցած տարի ստացել էր 20 տոննա, այս տարի՝ 12 տոննա։ Կարողացել է իրացնել տեխնիկական տեսակը 150 դրամով, քիշմիշի տեսակները՝ 450 դրամով։ Մնացած խաղողը, անցած տարվա պես, գնորդներ չունենալու պատճառով պահեստավորել է սառնարանում։ 2018 թվականին սառնարանի խաղողն այդպես էլ չկարողացավ իրացնել և ստիպած օղի թորեց: Մտավախություն ունի, որ նույնը այս տարի կկրկնվի և մառանը կհամալրվի նոր օղու խմբաքանակով։ Արայիկ Մովսիսյանի խոսքով, եթե չունենար տրակտոր և անձամբ իր ընտանիքով չզբաղվեր մշակությամբ, անիմաստ կլիներ այգեգործությամբ զբաղվելը։ Խաղողագործության զարգացման և գյուղացու եկամուտների ավելացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս։ Նույնիսկ այս կապակցությամբ միջոցներ ձեռք չեն առնվում ներմուծվող անորակ սպիրտի շուկան կարգավորելու համար։ |
Խաղողագործության եկամտաբերությունը Վրաստանում Վրաստանում խաղողի մշակությունը սկսվում է ապրիլ ամսին՝ վազերի էտով և ավարտվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ բերքահավաքով։ Այստեղ մեղմ ձմեռը չի սպառնում վազերին և պետք չէ անիմաստ ծախսեր կատարել այգեթաղի և այգեբացի համար։ Վրաստանի Կախեթի տարածաշրջանում, օդի բարձր հարաբերական խոնավության շնորհիվ, խաղողի այգիների գերակշիռ մասը չի ոռոգվում։ Այգեգործ Միշայի մեկնաբանությամբ, խաղողի մեկ կիլոգրամի ինքնարժեքը կազմում է 70-75 թեթրի և յուրաքանչյուր կիլոգրամ խաղողից մեկ լարի մաքուր շահույթ է ապահովվում։ Եթե դրամի վերածենք, Վրաստանի խաղողագործության բնագավառում մեկ կիլոգրամ խաղողը ապահովում է 165-170 դրամ շահույթ։ Միշա ձյան մեկ հեկտարից ստացել է 18 տոննա ռկածիտելի տեսակի խաղող, իրացրել 5,5 միլիոն դրամով և մեկ հեկտարի հաշվով ապահովել է 3,0 միլիոն դրամ մաքուր շահույթ։ Նման պայմաններում բնական կարելի է համարել վերջին 5 տարում խաղողի այգիների ծավալների 50 տոկոսով աճը։ |