Ապաստարանների հարցն օրակարգային է
Բոլոր ժամանակներում մարդիկ իրենց գոյության տարիների ընթացքում պատրաստվում են դիմակայելու բնական և մարդածին անակնկալներին։
Դաժան օրինակ է, բայց մի պահ ենթադրենք, որ հայկական ատոմակայանի միջուկային ռեակտորում պայթյուն է տեղի ունեցել, ինչը ոչ ոք չի կարող բացառել։ Այս աղետը մյուսներից (երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, պայթյուն) տարբերվում է նրանով, որ մարդու համար անվտանգ տարածք է հանդիսանում շինության ներսի հատվածը։
Այսօր յուրաքանչյուր պետական կամ մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների և մանկապարտեզների պատերին փակցված են տարհանման սխեմաները, որը ենթադրում է, որ քաղաքացին տագնապի դեպքում պետք է հնարավորինս կարճ ժամանակում սլաքների ուղղորդմամբ լքի տարածքը։ Իսկ ի՞նչ է անելու քաղաքացին, երբ տագնապը վերաբերվի ռադիոակտիվ ճառագայթման վտանգին։
Փորձենք հասկանալ, որքանո՞վ է հայկական ատոմակայանի ռիսկային գոտում բնակվող հասարակությունը պատրաստ գործողություններ կատարել ռադիոակտիվ ճառագայթման վտանգի պայմաններում։
Ի՞նչ ունենք
Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանի մեկնաբանությամբ, ատոմակայանի աղետի դեպքում բոլոր գործողություններն իրականացվելու են կառավարության համապատասխան որոշման համաձայն։ Բացի այդ, պարբերաբար ուսումնական վարժանքներ են անցկացվում ռիսկային գոտում գտնվող համայնքներում։ Մարգարյանի խոսքով, հասարակությանը տեղեկացնելու նպատակով նախատեսված են տագնապ ազդարարելու տարբեր միջոցներ։ Մարգարյանը նշեց նաև, որ հաշվարկված են նաև ռիսկային գոտու բնակավայրերի նկուղային տարածքների մակերեսները։ Կառույցի ղեկավարն ասում է, որ ռադիոակտիվ ճառագայթման վտանգի դեպքում ամենաարդյունավետ պաշտպանության տարբերակը նկուղներում թաքնվելն է և շնչառական օրգանները դիմակով պահպանելը։
Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 դպրոցի տնորեն Գևորգ Առաքելյանի խոսքով, դպրոցի աշակերտներն ուսումնական ծրագրերի շրջանակում տեղեկանում են, թե ինչ գործողություններ պետք է անեն տագնապի ազդարարման դեպքում։ Ըստ Առաքելյանի, դպրոցի միջանցքներում փակցված են ցուցանակներ, որում սլաքներով նշված են շենքից դուրս գալու ուղղությունները։
Դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Մանվել Ադիլյանը մանրամասն ներկայացնում է աշակերտների տարհանման սխեմաները, իսկ, կապված ռադիոակտիվ ճառագայթման վտանգից պաշտպանվելու գործողությունների հետ, ասելիք չունի, քանի որ 850 աշակերտ ունեցող դպրոցն ունի միայն պահեստի վերածված փոքրիկ նկուղ, իսկ անհատական պաշտպանության համար նախատեսված պարագաներ՝ ընդհանրապես չունի։
Աշակերտները գիտեն ինչպես պաշտպանվել արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ ջրհեղեղի և երկրաշարժի դեպքում։ Ռադիոակտիվ ճառագայթման մասին համարյա պատկերացում չունեն։
Մենք այցելեցինք Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ՝ պարզելու, թե որքանո՞վ են պաշտպանված մանկապարտեզի թվով 180 երեխաները ռադիոակտիվ ճառագայթման վտանգից։ Մանկապարտեզի աշխատակիցները մեզ մանրամասն բացատրեցին երեխաների տարհանման հնարավոր բոլոր տարբերակները։ Մանկապարտեզում նկուղի առկայության մեր հարցին, բացասական պատասխան ստացանք։ Թիվ 2 դպրոցը և թիվ 8 մանկապարտեզը միակը չեն: Նույն իրավիճակն է մարզի գրեթե բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում։
Բնակչության պաշտպանության համար նախատեսված նկուղները հիմնականում պիտանի չեն ծառայելու որպես ապաստարան կամ թաքստոց։ Շատերը վերածվել են աղբանոցի, շատերի դռները փակ են։ Արմավիր քաղաքում կան նաև բազմաբնակարան շենքեր, որոնք չունեն նկուղային հարկեր։
Մարզի տարբեր հատվածներում, մեր զրույցների ընթացքում, ազգաբնակչությունը ռադիոակտիվ ճառագայթումից պաշտպանվելու մասին կամ ընդհանրապես պատկերացում չուներ, կամ մոտավոր պատկերացում ուներ վտանգի ծավալների և իրենց պաշտպանվածության մասին։
Պատկերն այլ էր Մեծամորի ԱԷԿ-ի ռիսկային գոտու բնակիչների մոտ։ Նրանք հստակ գիտեն, թե ինչպես են պաշտպանվելու ռադիոակտիվ ճառագայթման վտանգից, որը ենթադրում է պատսպարվել նկուղային հարկերում՝ գոնե շորի կտորով պաշտպանելով շնչառական օրգանները։ Բայց թե ո՞ր նկուղում պատսպարվել, դա գլոբալ խնդիր է, հատկապես՝ քաղաքային համայնքներում։
Թաքստոցների, ապաստարանների առկայության և անհրաժեշտության մասին զրուցեցինք Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ։
Քաղաքապետի խոսքով, եթե խաղաղ պայմաններում կարելի էր համարել, որ եղած թաքստոցները բավարար էր քաղաքացիների համար, ապա պատերազմից հետո հասկանալի դարձավ, որ այս ուղղությամբ դեռ անելիք կա։
Ըստ Խուդաթյանի, նախ պետք է թաքստոցներն ապահովված լինեն անհրաժեշտ կահավորմամբ, լինեն միշտ մաքուր և անհրաժեշտ թվով պետք է լինեն նաև ապաստարաններ։
Դավիթ Խուդաթյան՝ Արմավիրի քաղաքապետ - Արդեն իսկ տասնյակ ապաստարաններ մաքրվել են տարիներով հավաքված աղբից։ Տասնյակ ապաստարաններ, որոնք հիմնականում բազմաբնակարան շենքերի նկուղներում են տեղակայված, փակ են եղել բնակիչների կողմից, մենք դրանք բացել ենք, բերել ենք ապաստարանային տեսքի, մեծ ծավալով մաքրման աշխատանքներ ենք իրականացրել, լուսավորության հարցն ենք կարգավորել։ Պատերազմը ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ դա մեր հիմնական խնդիրներից մեկը դարձավ, չնայած՝ միակ խնդիրը չէր։ Այսինքն, խաղաղ ժամանակ մենք պետք է կարողանանք մեր ռեսուրսներն ուղղել այս ուղղությամբ և հիմնովին լուծել այս խնդիրը։ Պետք է նշեմ նաև, որ ԱԻՆ տարածքային կազմակերպության հետ շատ սերտ համագործակցում ենք։ Փրկարար ծառայության որակի բարձրացման, քաղպաշտպանությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու և քաղաքացիների իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքները միշտ տարվել են, դա կլինի պատերազմով պայմանավորված, թե՝ համավարակով, մշտապես այդ ուղղություններով աշխատել ենք։ Բայց այնպես չի, որ մենք այս ոլորտում ընդհանրապես հարց չունենք։ Այսինքն, մենք պետք է շարունակենք աշխատել և ավելի լավ աշխատել, քան աշխատել ենք, քանի որ մարտահրավերները փոխվում են, խնդիրները՝ ավելի լրջանում։ Եթե մենք տարվա սկզբին ոչ մի խնդիր չունեինք ոչ մի բանի հետ կապված, մարտ ամսից սկսած մեր անհանգստությունները սկսվեց համավարակով պայմանավորված, իսկ սեպտեմբեր -հոկտեմբեր ամիսներին արդեն մեծ անհանգստություն ունեցանք պատերազմի հետ կապված։
Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ի ռիսկային գոտում գտնվում է 25 համայնք, որտեղ բնակվում է շուրջ 100 հզր բնակիչ։ 2005թ. դեկտեմբերի 22-ի Կառավարության N 2328 Ն որոշմամբ սահմանվում է ռադիոակտիվ ճառագայթման պայմաններում իրականացվող միջոցառումների ցանկը։
ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 30-ի N 134-Ն որոշմամբ սահմանվում է Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը։
Կառավարության որոշումների առկայությունը դեռևս չի նշանակում, որ բնակչությունը տեղեկացված է և պատրաստ է նվազագույնի հասցնել իրեն սպառնացող ռադիոակտիվ ճառագայթման վտանգը։
Մարզի բնակչությունը նույնիսկ տարրական պատկերացում չունի, թե ի՞նչ գործողություններ պետք է կատարի Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի պայմաններում։ Ավելին, նույնիսկ չգիտի, թե տագնապի ազդանշանը աղետի ո՞ր տեսակն է ազդարարում։