Արմավիրի մարզի մշակույթի տներ,
վիճակագրություն
Արմավիրի մարզում 87 մշակույթի տուն կա` լավ, բավարար և վատ վիճակում։ Անկախ մշակույթի տների անմխիթար վիճակից, համայնքները, որպես կանոն, հատկացումներ են կատարում մշակույթի տան պահպանության, գեղարվեստական մասի, այս կամ այն խմբակների, մաքրության և աշխատանքների համար, իսկ մշակույթ գյուղական համայնքներում գոյություն չունի։
Ուսումնասիրելով Արմավիրի մարզի 97 համայնքների ղեկավարների քառամյա ծրագրերը՝ տպավորություն է ստեղծվում, որ մշակույթը, հատկապես գյուղական համայնքներում, համարվում է համայնքի զարգացման գլխավոր նախապայմանը։ Առանց բացառության բոլոր զարգացման ծրագրերում կարող ես հանդիպել մշակույթի տան վերանորոգման և գյուղում մշակույթի զարգացմանն ուղղված բարդ ստորադասական նախադասությանը։ Իսկ իրականությունը բոլորովին այլ է՝ մշակույթի կիսաքանդ տները կան, իսկ մշակույթ չկա։
Արմավիրի մարզի 97 քաղաքային և գյուղական համայնքներում փաստացի գոյություն ունեն 87 մշակույթի տներ։ Արմավիրի մարզպետարանից մեզ տրամադրած տվյալների համաձայն, դրանցից 21-ը գտնվում է լավ, 24-ը՝ բավարար, իսկ 39-ը՝ վատ վիճակում։ Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ 2019 թվ-ին սուբվենցիոն ծրագրով սկսվել է 3 մշակույթի տների վերանորոգում, ևս 2-ը կվերանորոգվեն 2020թվ-ին։
Մարզի 87 մշակույթի օջախներից չեն գործում 26-ը։ Կարելի է ենթադրել, որ չպետք է գործեն վատ վիճակում գտնվող մշակույթի տները, սակայն հակառակն է։ Օրինակ՝ Գայ և Ծաղկունք համայնքների մշակույթի տները լավ վիճակում են ու չեն գործում։ Բազմաթիվ համայնքներում վատ վիճակում գտնվող մշակույթի տներ գործում են։ Վատ վիճակը ներկայացնենք ինչպիսին է։
Նման մշակույթի տներում կան ակումբի վարիչներ, գեղմասվարներ, դաշնակահարներ, պահակներ։ Թե ինչով են զբաղվում այս հաստիքների աշխատակիցները, համայնքի ղեկավարները կդժվարանան պատասխանել։ Տրամաբանությունը տանում է նրան, որ եթե համայնքի հաշվեկշռում գոյություն ունի մշակույթի տուն, ապա պետք է ունենա վարիչ, իսկ վարիչն աշխատակազմ՝ համալրված ոչ պատահական մարդկանցով։ Նույն տրամաբանությամբ է առաջնորդվում Արմավիրի մարզի Արագած համայնքը: Մշակույթի տունը վատ վիճակում է, սակայն մշակույթի տան աշխատակիցներին ամսվա կտրվածքով վճարում է 481 հզր դրամ: Նման ոճով է գործում նաև Արշալույս համայնքը, որտեղ ամսական աշխատավարձը կազմում է 1,2 մլն դրամ։ Եթե վատ վիճակում գտնվող մշակույթի տներն իրենց տեղական բյուջեից ոչնչի դիմաց այսքան գումարներ են ստանում միայն աշխատավարձի տեսքով, չհաշված կոմունալ և շենքի պահպանման ծախսերը, ապա բավարար և լավ վիճակում գտնվող մշակույթի տների բյուջեները համամասնորեն բավարար և լավ կլինեն։ |
Մտահոգիչ են կիսաքանդ վիճակում գտնվող մշակույթի տներում տեղակայված գրադարանները, որտեղ գրքերի ֆոնդը ոչ թե պահպանվում, այլ քայքայվում է։ Ասվածի վառ օրինակ է հանդիսանում Արազափ համայնքի գրադարանը: Հաշվապահ Հեղինե Նավասարդյանի մեկնաբանությամբ, ակումբում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, իսկ գրքերի համար հարմար սենյակ չկա։ Մենք էլ դրանում համոզվեցինք, քանզի հարմար սենյակները զբաղեցրել էին ինչ-որ ընկերության պարկերը։
Ընդհանուր տեղեկություններ․ Արմավիրի մարզպետարան
ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը և 77 ծրագիր հավանության է արժանացել:
Արդյունքում Կառավարության համաֆինանսավորմամբ 2020 թվականին Արմավիրի մարզի 61 համայնքում, այդ թվում` 3 քաղաքային, կիրականացվի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 77 ծրագիր` ընդհանուր գումարը կկազմի 3 մլրդ 421 մլն 091.82 հազ. դրամ։
Նշված գումարից շուրջ 1 մլրդ 713 մլն 257.33 հազար դրամը համայնքների, 1 մլրդ 664 մլն 835.43.5 հազար դրամը` պետության և 42 մլն 999.05 հազար դրամը` մասնավոր հատվածի համաֆինանսավորման չափաբաժինն է:
Հաստատված ծրագրերի շրջանակում համայնքներում իրականացվող ծրագրերի մեջ է մտնում նաև հասարակական շենքերի վերանորոգում/ կառուցում` 178 մլն 662,72 հազ. դրամ ծրագրային
արժեքով կետը, որը հնարավոր է իր մեջ ներառի մշակույթի տների վերանորոգում։ Թե քանի մշակույթի տուն կվերանորոգվի սուբվենցիոն ծրագրով 2020-ին , կամ արդյո՞ք հասարակական շենքերի վերանորոգում բաժնում կներառվի այս գործը, առայժ հստակեցված չէ։